Ասել, որ Հրազդանի ընտրությունները կոդային են, չափազանցություն կլինի: Այնուհանդերձ, ուշադրությունն առավել է, քան կարելի էր սպասել տեղական ինքնակառավարման ընտրության դեպքում:
Պատճառները շատ են. կամա-ակամա Հրազդանը դարձել է մինի մակետ, և երբեմնի ինդուստրիալ քաղաքի «հրապարակում» զմիմյանս «բա՜ն» են ասում քաղաքական առանցքային ուժերը, որոնց մոզաիկայից էլ, ըստ փորձագետների, կազմված է լինելու ապագա քաղաքական քարտեզը խորհրդարանում:
Հրազդանի ընտրությունների հաջորդ առանձնահատկությունն էլ այդ ընտրությունների հետ որևէ կապ չունեցող գործոնն է, որն առաջ է քաշելու հարցը. համամասնական ընտրակարգի շուրջ երևութապես այլ ուժերի հետ մեկտեղված ԲՀԿ-ի համար դրանք դառնալո՞ւ են ռուբիկոն, թե՞…
Եվ վերջապես, ճշգրտվելու է` երբևէ տեղական ինքնակառավարման ընտրությունների չմասնակցած ՀԱԿ-ն ինչ իրական ռեսուրս ունի, երբ պայքարը ոչ միայն քաղաքական, այլև «գործառնական» է:
Ասել է` Հրազդանը հետագա քաղաքական պայքարի մինի մոդելի է վերածվելու:
Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ ԱՐԱՄ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ չցանկացավ խոսել այս խնդիրներից. նախընտրեց քաղաքականությունից միանգամից անցնել «կոնկրետիկայի»` արված-չարված գործերին, հրազդանցիների սպասելիքներին:
-Պարոն Դանիելյան, Դուք պատրա՞ստ եք սպասվող «ճակատամարտին»:
-Այդ առաջին հայացքից են Հրազդանի ընտրություններն այդպես «ճակատագրական-ճակատամարտային»-քաղաքական թվում: Իրականում, գոնե մեր թիմը, ինչպես ասում են, իր բնականոն աշխատանքային ռեժիմի մեջ է: Եվ նոր` գումարած նախընտրական ընդհանուր ֆոնը: Ամենամեծ ցանկության դեպքում իսկ հնարավոր չէ տեղական ինքնակառավարման ընտրությունները, այն էլ, ինչպես ասում են` միջին վիճակագրական քաղաքում, ինչպիսին մեր փոքրիկ հայրենիք Հրազդանն է, վերածել «դարակազմիկ» իրադարձության: Այո, մեր ընտրությունները «հայտնվել» են խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն դա մեզ չի խանգարում, որ մենք մեր ընթացիկ գործերին լինենք, մեր ամենօրյա հոգսերը հոգանք, և անհարկի քաղաքականացումից մեր աշխատանքային գրաֆիկը առանց դրա կառուցենք:
-Դուք 4-րդ անգամ եք Ձեր թեկնածությունն առաջադրում. ինչո՞ւ:
-Չիրականացված ծրագրեր, խնդիրներ դեռ շատ կան: Տասը տարում բավականին գործ, անշուշտ, արվել է. քաղաքը, կյանքը փոխվել են, ժողովրդի հետ համագործակցությունն ստացվել է. ժողովուրդը մեզ վստահում է, ունենք համախոհների մեծ բանակ, այնուհանդերձ, նոր ծրագրերը, սպասելիքները ևս շատ են: Իհարկե, հեռու եմ իդիլիա ուրվագծելու մտայնությունից, կլինեն նաև մեզ չսիրողներ, ովքեր դժգոհ կլինեն մեզնից, մեր արածից, շատ ու քչից, գուցե ինչ-որ առումով նրանք նաև ճիշտ կլինեն իրենց պահանջներում, այնուհանդերձ, այն փուլում, երբ հնարավոր պոկում է սպասում քաղաքին, շարունակականություն ապահովելը մեզ համար անչափ կարևոր է:
-Ասում են` Հրազդանը, ի տարբերություն մյուս մարզկենտրոնների, բավականին սպեցիֆիկ քաղաք է:
-Այո, Հրազդանն ուրույն է մի շարք առումներով: Նախ` յոթ գյուղերի վրա է ձևավորված, ունի աշխարհագրական մեծ ձգվածություն և հանդիսանում է քաղաքային-գյուղական կոլորիտների-մշակույթների յուրօրինակ միքս: Այդ իսկ պատճառով էլ քաղաքի կառավարումը նրբություններ է պահանջում: Չմոռանանք` Հրազդանը նաև «արհեստական քաղաք» էր համարվում, որովհետև ժամանակին փորձ էր արվում դարձնել արդյունաբերական հզոր կենտրոն. մի կողմից գործում էր «Հրազդանմաշը», մյուս կողմից կային հզոր սովխոզ-կոլխոզներ: Հիմա դրանք չկան: ՈՒ պետք էր կարողանալ համադրել եզրերը` բոլոր առումներով, և մանավանդ` շահերի, պահանջների, պատկերացումների առումով. գյուղացին մեկ բան էր ուզում-նախընտրում, քաղաքացին` մեկ այլ:
-Ստացվե՞ց, գտա՞ք ոսկի միջինը:
-Փորձեցինք, դեռ փորձում ենք: Քաղաքաշինական, սոցիալ-մշակութային ծրագրերի, ներդրումներ ներգրավելու, աշխատատեղեր ստեղծելու, ենթակառուցվածքները պահպանելու, օրվա պահանջներին համապատասխանեցնելու, մշակույթը, նիստ ու կացը չկորցնելու` հազար ու մի միջոցներով փորձում ենք: Ի միջի այլոց տեղեկացնեմ, որ մեր քաղաքում որևէ մշակութային օբյեկտ, գրադարան անցնող տարիներին իր պրոֆիլը, նշանակությունը չի կորցրել, բոլորը պահպանվել, վերականգնվել են, շարունակելու ենք վերականգնել, նորերը ստեղծել:
-Կարո՞ղ ենք ասել, որ «Հրազդանմաշի» վերացմամբ վերացան Հրազդանի, որպես արդյունաբերական քաղաքի, բոլոր կարգի հեռանկարները:
-Ոչ, չենք ասի, որովհետև որքան էլ «Հրազդանմեքենան» դադարեցրեց իր աշխատանքները օբյեկտիվ պատճառներով, որքան էլ այդ դադարով Հրազդանում գործազրկությունը միանգամից իրեն զգալ տվեց, այնուհանդերձ, վերջին տարիներին արդյունաբերական կյանքը մեզանում բավականին աշխույժ է. ունենք գործող բավականին թվով ձեռնարկություններ: Գիտեք` Հրազդան ՋԷԿ-ի չորրորդ, այժմ արդեն` հինգերորդ բլոկները, գումարած` «ՀայՌուսգազարդի» մասնաճյուղը, որոնք բավականին թվով աշխատատեղեր են ապահովում հրազդանցիների համար: Ցեմենտի գործարանն է, մանր-միջին, այդ թվում և` սննդի` կաթնամթերքի ձեռնարկություններն են: Հրազդանը հանրապետությունում այն եզակի քաղաքներից է, որ 15 հազար հեկտար սեփականաշնորհված հող ունի: Ասել է` արդյունաբերությունից զատ, հրազդանցին զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ: Հրազդանը շրջապատված է տուրիզմի գոտիով, հրազդանցին աշխատանք է գտնում նաև մերձակա տուրիստական գոտիներում, ինչը նույնպես դրական է:
-Տասը տարի է` քաղաքապետ եք, պարոն Դանիելյան, ի՞նչն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Կարծում եմ` քաղաքն իր պատկերին վերադարձնելը, իրականացված քաղաքաշինական ծրագրերը: Թող անհամեստ չթվա, այնուհանդերձ, անցնող տարիներին, իսկապես, ահռելի աշխատանք է կատարվել: Եթե համբերություն ունեք, մի քանիսը թվեմ. բարեկարգվել և վերանորոգվել են ներհամայնքային փողոցները` ասֆալտապատել ենք 192 կմ ճանապարհ, ոչ մի քաղաքում այդքան ասֆալտապատում չի իրականացվել: Բակերն ու բազմաբնակարան շենքերի շքամուտքերը, տանիքները շարունակաբար նորոգվել և նորոգվում են: Մինչև 2002 թվականը բացարձակապես չգործող փողոցային գիշերային լույսերի համակարգը վերականգնվել է: Քաղաքով մեկ տեղադրվել են ժամանակակից կանգառներ: Մինի ֆուտբոլի դաշտեր ենք ստեղծել, բակային խաղահրապարակներ: Լուծվել է քաղաքի աղբահանության խնդիրը: Բարեկարգել ենք օղակաձև երկու պուրակները, հրապարակը` Բարության պուրակը. ասացի` Խաչմատուռն ենք կառուցել երկու տարի առաջ. ո՞ր մեկը թվեմ: Եվ վերջապես, երկու տարում ողջ քաղաքը գազիֆիկացվել է: Ներքաղաքային տրանսպորտ է ստեղծվել:
Բայց, կարծում եմ, մեր ամենամեծ ձեռքբերումը քաղաքում քսանչորսժամյա ջրամատակարարման ապահովումն էր. աշխատանքները շարունակվում են, և առաջիկայում այն ավարտելու ենք ամբողջությամբ:
-Այդ բոլորն արել եք քաղաքային բյուջեո՞վ:
-Հիմնականում` այո: Ինչ վերաբերում է քսանչորսժամյա ջրամատակարարման աշխատանքներին, այն իրականացվել է ՀՀ կառավարության տրամադրած դրամաշնորհով, որին քաղաքային բյուջեն նույնպես մասնակցություն է ունեցել: Ի դեպ, երբ Հրազդանի ՋԷԿ-ը Հայաստանի սեփականությունն էր, համայնքն իր վրա էր վերցրել քաղաքի կենտրոնական ջեռուցման ապահովման խնդիրը, երբ այն վաճառվեց, կենտրոնական ջեռուցում այլևս հնարավոր չէր ապահովել` ցանցի բարոյական և ֆիզիկական մաշվածության, ինչպես նաև բնակիչների անվճարունակության պատճառով: Ջերմամատակարարման գումարները ձմռան սեզոնին կազմում էին մոտ հինգ հարյուր միլիոն դրամ. բնակչությունից հավաքվում էր մոտ երեսուն միլիոնը: Արդյունքում համակարգը կանգնեց ոչնչացման-փոշիացման առաջ: Որպեսզի հրազդանցին չսառչի, որպեսզի ջեռուցման համակարգը պահպանենք` մինչ քաղաքի գազիֆիկացումը, Հրազդանի քաղաքապետարանը այդ ողջ գումարը կանխիկ վճարեց ՋԷԿ-ի նոր սեփականատիրոջը` տալով մոտ մեկ միլիարդ դրամ` բնակչության փոխարեն: Երկու տարվա կտրվածքով: Քաղաքը գազիֆիկացվեց, ջեռուցումն անջատեցինք, և այսօր հրազդանցին այդ կարգի խնդիրներ չունի, կարող է այլևս չանհանգստանալ ձմռան գալով:
-Որտեղի՞ց տվեցիք այդքան գումարը:
-Համայնքին պատկանող հողերի վաճառքից, բյուջեում եղածից: Որպեսզի ժողովուրդը չհայտնվի դատարաններում, դատական պրոցեսների ու քաշքշուկների մեջ:
-Հիմա` չորրորդ «սազիվին», այն է` այս ընտրություններում, ի՞նչ նոր «միլիարդ» եք առաջարկում Ձեր ընտրողին:
-Ժամանակն իր պահանջարկ-առաջարկներն է թելադրում: Հասկանալի է` քաղաքաշինական ծրագրերը քաղաքապետարանի համար մնում են թիվ մեկ գերակայություն ու նաև շարունակականություն են պահանջում: Սակայն աշխարհը փոխվում է, և այն, որ մենք մայրաքաղաքից հեռու ենք, մարզ ենք` գյուղական «հատկանիշներով», չի նշանակում ձեր` լրագրողական լեքսիկոնով ասած` ինչ «նանո-մոդեռնիզացիոն» գործընթացներ են տեղի ունենում մեր շուրջը` մեծ աշխարհում, մենք չենք հասկանում: Այդպես չէ: Փորձելու ենք կոնկրետ-օրվա աշխատանք պահանջող մեթոդոլոգիայից, ծրագրերից անցում կատարել դեպ փոխակերպումների դաշտ. թե՛ աշխատանքային սկզբունքների, թե՛ փիլիսոփայության, թե՛ մոտեցումների տեսանկյունից, այլապես հնարավոր չէ շուրջը կատարվողն ու մեր աշխատանքը համահունչ դարձնել: Մեր ծրագրերում միշտ էլ կարևորվել են քաղաքական ծրագրերը ևս` քաղաքացիական հասարակության ձևավորման, ժողովրդավարական գործընթացների զարգացման տեսանկյունից, մեր Հրազդանն այդ առումով բավականին քաղաքական և լուսավորյալ քաղաք է, ի դեպ, տեղեկացնեմ:
-Կարիք չկա, 2003-ին այստեղ մասնակցել եմ իմ կյանքի ամենամարդաշատ միտինգին, լուսաբանել այն. Ստեփան Դեմիրճյանի նախագահական-նախընտրական միտինգն էր: Վանատուրցիների ընդվզումների մասին էլ բոլորս գիտենք, բայց քաղաքականության մասին` ավելի ուշ. այժմ դեռ քաղաքային տնտեսության և ձեր ծրագրերի մասին:
-Այդ ծրագրերում մենք կարևորում ենք նախ և առաջ համայնքային գործընթացների հրապարակայնությունը, հաշվետվողականությունը` համայնքի ավագանի-ղեկավար աշխատակազմ-բնակչություն կապի տեսանկյունից, մեր աշխատանքների արդիականացումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի ներդրումը, համագործակցությունը տեղական և միջազգային տարբեր կազմակերպությունների կտրվածքով, արդեն ասացի, մեզ համար նման խնդիրներն այլևս գերակայություններ են: Իհարկե, մեր ավանդական-համայնքային խնդիրները ևս լինելու են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում. համայնքային ասելով նկատի ունեմ` առողջապահական, կրթական, սոցիալական` հաշմանդամների, ինչպես նաև շնորհալի երեխաների և, իհարկե, նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրները:
-Իսկ ծանո՞թ եք «կոնկուրենտ ֆիրմայի»` Սասունի նախընտրական ծրագրերին:
-Ոչ, ծանոթ չեմ: Մենք կենտրոնացած ենք բացառապես մեր ծրագրերի, մեր աշխատանքի, արվածի և արվելիքի վրա` խիստ կոնկրետ հասցեականությամբ և պատասխանատվությամբ: Այլ բաների համար ժամանակ չունենք:
-Որքան տեղյակ եմ` այս տարի աշնանը լրանում է Հրազդան քաղաքի հիսնամյակը, ի՞նչ եք կարծում, Դո՞ւք կընդունեք «պարադը». Դո՞ւք կլինեք «զորահանդեսի հրամանատարը»:
-Թույլ տվեք ասել, որ` այո, անշուշտ` այո և միանշանակորեն` այո: Այլապես ամեն բան` անցած բոլոր տարիները, մեր արածը, սպասումներն ու նվիրումը կլինեն ապարդյուն: Մենք երկար ենք սպասել, պատրաստվել ու պատրաստվում այդ մեծ տոնին:
Զրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ